Թոփ-5 ծրագրավորման լեզուներ սկսնակների համար

Top 5 programmung languages for beginners

Ծրագրավորման առաջին լեզվի ընտրությունը  անշուշտ ծանր երկընտրանք է, որին գրեթե բոլորս էլ բախվել ենք, երբ կանգնած ենք եղել ծրագրավորման աշխարհ մուտք գործելու նախաշեմին:

Արդյունքում այդ ընտրությունը կդառնա ծրագրավորման գործընթացի վերաբերյալ ձեր պատկերացումները ձևավորող որոշիչ գործոն, որը նաև ձեզ կօգնի հասկանալ՝ արդյո՞ք հետաքրքրությամբ կշարունակեք ձեր ճանապարհը տվյալ ուղղությամբ, թե հակառակը՝ կթողնեք ամեն ինչ:

Ուստի, եթե մուտք եք գործում ծրագրավորման աշխարհ դեռևս ծանոթանալու համար, թե ինչ է այն առհասարակ իրենից ներկայացնում, ապա խորհուրդ եմ տալիս շատ զգուշորեն մոտենալ հատկապես ձեր առաջին լեզուն ընտրելու հարցին:

Այս մասնագիտությանը տիրապետելու պատճառները տարբեր են. դուք կարող եք զբաղվել որպես հոբբի կամ որևէ անձնական նախագիծ իրականացնելու համար: Հաճախ ծրագրավորմամբ սկսում են զբաղվել որպես գործունեության փոփոխություն կամ լրացուցիչ եկամտի միջոց: Անկախ ամեն ինչից, ծրագրավորմամբ զբաղվելու որոշմանը հանգեցրած պատճառները ևս ազդում են այն բանի վրա, թե ձեր պարագայում որ լեզուն ավելի ճիշտ կլինի ընտրել:

Այսպիսով, ձեզ համար պատրաստել ենք հետևյալ ձեռնարկը, որպեսզի ավելի հեշտությամբ կողմնորոշվեք ներկայումս ծրագրավորման հինգ ամենանատարածված լեզուների միջև: Ինչպես արմատացած, այնպես էլ ամենանոր ու հեռանկարային լեզուների ողջ ցանկից կարող եք ընտրել նրանք, որոնք ամենահամապատասխանը կլինեն ձեր բոլոր պահանջներին:

Python

Վերջին տարիներին սկսնակ ծրագրավորողները, հատկապես նրանք, ովքեր ինքնույս են փորձում յուրացնել նոր ծրագրավորման լեզուն, ավելի ու ավելի են ընտրում Python-ը:
Ըստ PyPL-ի վիճակագրության, որը հիմնված է Google-ում ծրագրավորման լեզուներն ուսումնասիրող ուսուցողական նյութերի տարածվածության ցուցանիշների վրա, Python-ը գրեթե կրկնակի ավելի մեծ հետաքրքրություն ու տարածվածություն ունի:
Սկսնակների շրջանում այս լեզվի ժողովրդականության հիմնական պատճառը դրա պարզ սինտաքսն է (շարահյուսություն): Որպես բարձր մակարդակի լեզու, ինչպիսին է Java-ն կամ C-ն, այն առաջարկում է մեզ հասկանալի մարդկային լեզվին առավել հասկանալի և ընթեռնելի սինտաքս: Այն ազատում է այլ լեզուներում հանդիպող գերծանրաբեռնված և բազմաբովանդակ հրահանգներից և օգտագործում է միայն ամենակարևոր սիմվոլներն ու բանալի բառերը (keywords, հիմնաբառեր):

Օրինակ, Python-ում հայտնի Hello World! պարզ ֆունկցիան պահանջում է կոդի ընդամենը մեկ տող.

print("Hello World!")

Իսկ ահա նույն խնդրի լուծումը C-ով կունենա հետևյալ տեսքը.

#include 
int main() {
    printf("Hello, World!");
    return 0;
}

Python-ն աջակցում է ֆունկցիոնալ, պրոցեդուրալ և օբյեկտային ուղղվածությամբ ծրագրավորման պարադիգմներին: Արդյունքում, այս լեզվի տիրապետումը հնարավորություն է տալիս սովորողին ուսումնասիրել կոդ գրելու և խնդիրների լուծման տարբեր եղանակներ և մոտեցումներ:

Այս լեզուն նաև ձեզ ավելի շատ ազատություն է տալիս ընտրելու այն ճանապարհը, որը ցանկանում եք շարունակել որպես ծրագրավորող, քանի որ այն օգտագործվում է ծրագրավորման շատ լայն շրջանակներում:

Ներկայումս Python-ը տվյալագիտության և մեքենայական ուսուցման ինդուստրիայի առաջատար լեզուն է: Այն օգտագործվում է նաև որպես բեքենդ ծրագրավորման լեզու: Բացի այդ, այն հաճախ օգտագործվում է նաև առաջադրանքների ավտոմատացման համար սկրիպտներ գրելու համար:

Python-ը որպես ձեր առաջին ծրագրավորման լեզու ընտրելը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ծրագրավորման տարբեր ոլորտներ՝ նախքան միանշանակ վերջնականան նախընտրության մեջ կողմնորոշվելը:

Այս լեզվի ընտրության պատճառներից է նաև այս լեզվի մեծ ու արագ զարգացող համայնքը: Կան բազմաթիվ ձեռնարկներ, տեսանյութեր, հոդվածներ և գրքեր, որոնք կօգնեն ձեզ սկսել: Բացի այդ, կա հսկայական քանակությամբ ակտիվ և արձագանքող ծրագրավորողներ, որոնց միշտ կարելի է դիմել այնպիսի հարթակներում, ինչպիսիք են StackOverflow-ը կամ GitHub-ը:

Python-ի համար ստեղծվել է գրադարանների և ֆրեյմվորկերի առաջադեմ և ընդարձակ շարք, որը նույնպես ընկնում է սկսնակների համար նախատեսված առավելությունների ցանկում: Այս գրադարանները կպարզեցնեն բարդ խմդիրների իրագործումն ու ռեալիզացիան՝ թույլ տալով կենտրոնանալ նախ և առաջ բուն ծրագրավորման ասպեկտների ուսումնասիրության վրա, այլ ոչ թե խորանալ գործընթացի տեխնիկական կողմի մեջ:

Եթե ​​ցանկանում եք սովորել Python, կան բազմաթիվ անվճար և կոմերցիալ ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ձեզ: Ահա իմ նախընտրածներից մի քանիսը անգլերեն լեզվով.

JavaScript

JavaScript-ն ինտերնետի լեզուն է: Այն աշխատում է բոլոր հիմնական բրաուզերներում (դիտարկիչ), ներառյալ Chrome-ում, Firefox-ում, Opera-ում: Եվ եթե նպատակ ունեք դառնալ ֆուլստեք ծրագրավորող, ապա ֆրոնտենդ մշակելու համար պետք է կարողանաք ծրագրավորել JS-ով:

Այս լեզվի նման պահանջվածությունն էլ այն դարձրել է ամենահայտնին ծրագրավորողների շրջանում: Եթե ​​ընտրեք JavaScript-ը որպես ձեր առաջին լեզու, միանշանակ սխալված չեք լինի, անկախ նրանից՝ դա կդառնա ձեր հոբբին, թե նոր կարիերայի սկիզբը:

Չնայած այն հանգամանքին, որ JS-ն այնքան պարզ չէ, որքան Python-ը, այն բավականին թեթև է և հասկանալի սկսնակների համար: Իսկ ամենագրավիչ հանգամանքներից մեկն այն է, որ կարող եք JS կոդով փորձարկումներ անել անմիջապես բրաուզերից՝ առանց ծանրաբեռնվելու լրացուցիչ գործիքների կարգավորմամբ, ինչպիսին են օրինակ IDE-ները (Integrated development environment, Ծրագրավորման ինտեգրացված միջավայր):

Եթե ​​դուք պլանավորում եք յուրացնել վեբ ծրագրավորումը, JavaScript-ի իմացությունը կազատի Ձեզ սերվերային կողմի երկրորդ լեզու սովորելու դժվարությունից: Պատճառն այն է, որ համեմատաբար վերջերս հայտնված Node.js-ը հնարավորություն է տալիս ստեղծել վեբ հավելվածի ինչպես բեքենդ, այնպես էլ ֆրոնտենդ բաղադրիչներ` օգտագործելով միայն JavaScript:

Այսօր JS-ը դուրս է եկել պարզապես վեբ ծրագրավորման համար կիրառության տիրույթից: Այժմ, ի լրումն վերը նշվածների, այն օգտագործվում է բջջային և համակարգչային ծրագրեր ստեղծելու համար, ինչպես նաև կիրառություն է գտնում տվյալների մշակման ոլորտում: Այսպիսով, JavaScript-ը սովորելը ծրագրավորման մեջ ապագա կառուցելու հնարավոր ուղիներ ընտրելիս՝ անկասկած ձեզ փակուղու առաջ չի կանգնեցնի:

Այս լեզուն առանձնանում է նաև GiHub-ում ամենամեծ ռեպոզիտորիայով (պահեստարաններով) , ինչը նշանակում է, որ դուք միշտ կարող եք ապավինել JS համայնքի կողմից բավարար քանակությամբ ուսումնական նյութեր տրամադրելուն և բարդ նրբությունները հասկանալու օգնության հարցում:

Հիանալի գրադարանների և ֆրոյմվորքերի բավականին լայն տեսականու առկայությունը ծրագրավորման անհամար խնդիրների լուծումներ գտնելում ևս կհեշտացնի ձեր ջանքերը: Եթե ​​դուք յուրացնում եք JavaScript-ը ֆրոնտենդի համար, ապա ձեզ հարկավոր կլինի նաև HTML-ի և CSS-ի առնվազն տարրական իմացություն, ինչպես նաև վեբ կայքերի ձևավորման համար դրանք օգտագործելու որոշակի հմտություն:

Ստորև կներկայացնեմ մի քանի անգլիալեզու, վճարովի և անվճար ռեսուրսներ JS-ն ուսումնասիրելու համար.

Ruby

Ruby իր պարզությամբ և ընթեռնելությամբ շատ նման է Python-ին. որոշ դեպքերում նույնիսկ՝ նրա սինտաքսն ավելի ինտուիտիվ և հասկանալի է, քան Python-ինը: Ահա while ցիկլի օրինակ Python-ում՝

total = 0
for x in range(5):
    print(x)
    total += x

Եվ միևնույն ցիկլը Ruby-ում.

$total = 0
for i in 0..5
    puts i
    total += i
end

Քանզի այս լեզուն ի սկզբանե նախագծվել է որպես «զվարճալի և արդյունավետ» լեզու, նրանով ծրագրավորթւոմը իսկապես կարող է լինել ինտուիտիվ և հետաքրքիր նույնիսկ սկսնակների համար: Սա հստակ երևում է Ruby-ի անգլերենին նմանվող շարահյուսությունից և խնդրի լուծման ընթացքումնրա մտքի բնական գծից: Ruby-ն օգտագործելիս դուք հնարավորություն ունեք միևնույն խնդիրը լուծել տարբեր եղանակներով, հնարավորություն ունենալով ընտրել նաև թե այդ տարբերակներից որն է ավելի ինտուիտիվ ձեր համար:

Այս լեզվով գրված ծրագրերը ամեն ինչ դիտարկում են որպես օբյեկտ:Սա թույլ է տալիս առանց որևէ սահմանափակման յուրաքանչյուր օբյեկտի ավելացնել եզակի հատկություններ և գործողություններ: Ruby on Rails ֆրեյմվորկի ի հայտ գալու հետ մեկտեղ՝ լեզվի ժողովրդականությունը կտրուկ սկսեց աճել, ինչի շնորհիվ նա զբաղեցրեց իր հստակ տեղը վեբ ծրագրավորման ոլորտում: Ruby on Rails-ը յուրացման և օգտագործման մեջ բավականին պարզ ֆրեյմվորք է՝ նախատեսված ֆուլսթեք վեբ ծրագրավորման համար:

Վերջին տարիներին, ինչպես և Python-ն ու JavaScript-ը, Ruby-ն ևս բավականին արագ ճանաչելիություն է ձեռք բերում, և ծրագրավորման հոսքերի մեջ ևս մեծ պահանջարկ է վայելում: Ըստ StackOverflow-ի կողմից իրականացված վերջին հարցումների, Ruby-ն զբաղեցրել է 5-րդ տեղը՝ ծրագրավորողների շրջանում ամենաբարձր վարձատրվող տեխնոլոգիաների շարքում: Շատ ստարթափներ այն ընտրում են որպես իրենց հիմնական արտադրանքը զարգացնելու լեզու:

Ruby-ն ունի նաև աշխույժ համայնք, որը սրտաբաց ողջունում է սկսնակ ծրագրավորողներին և հաճույքով օգնում նրանց սովորել լեզուն: Կողմնակի գրադարանը, որոնք կոչվում է գեմեր( անգլ. gems – գոհարներ), նույնպես մշտապես բարելավվում են, ավելի ու ավելի մեծ հաջողությամբ օգնելով լուծել բարդ խնդիրներ:

Եվ քանի որ Ruby-ի հանրաճանաչություն է հավաքում վեբ ծրագրավորման ոլորտում, դրան տիրապետելը որպես առաջին լեզու հիանալի լուծում կլինի յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է շարժվել այդ ուղղությամբ:

Ստորև ներկայացված են մի քանի անգլիալեզու նյութեր Ruby-ի ուսումնասիրման համար.

Go

Go-ն թերևս մեր ցուցակի ամենաերիտասարդ լեզուն է: Ի սկզբանե այն մշակվել է Google-ի կողմից և ներկայացվել 2010 թվականին: Այժմ այն սպասարկվում է որպես բաց սկզբնաղբյուր կոդով (source code) լեզու, միաժամանակ պահպանելով Google-ի կողմից սպասարկումը: Իր առաջարկած ունիկալ հնարավորությունների և ինֆորմացիոն հսկայի հետ կապի շնորհիվ՝ այն բավական արագ հայտնություն ձեռք բերեց ծրագրավորողների շրջանում:

Go-ն համատեղում է այլ լեզուների ամենաօգտակար հատկությունները և միևնույն ժամանակ զերծ է դրանց թերություններից: Օրինակ, այն C-ի նման աջակցում է ստատիկ տիպիզացիան, մինչդեռ Python-ի նման հեշտ ընթեռնելի է: Հնարավորությունների նմանատիպ համադրությունը Go-ն դարձնում է իդելական՝ սկսնակների համար: Այն ունի գեղեցիկ և պարզ սինտաքս՝ զուրկ այլ օբյեկտակենտրոն լեզուներին բնորոշ բայախոսությունից: Այս ամենը շատ ավելի հեշտացնում է այն ​​յուրացնելու գործընթացը:

Go-ն ստեղծվել է ժամանակակից միջավայրում՝ հաշվի առնելով ժամանակակից պահանջները, ինչի արդյունքում այն ​​լռելյայն պարունակում է անհրաժեշտ գործիքների մեծ մասը՝ վերացնելով արտաքին կախվածություններից օգտվելու անհրաժեշտությունը: Եվ որ ամենակարևորն է՝ գորուտների շնորհիվ Go-ն հրաշալիորեն գլուխ է հանում կոնկուրենտության (բազմահոսքանիություն, մուլտիթրեյթինգ), որոնցով այլ լեզուներ չեն կարող պարծենալ: Բազմահոսքությունը համակարգերի (ծրագրեր, ցանցեր, համակարգիչներ և այլն) հատկությունն է, որը թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի հաշվարկային գործընթացներ, որոնք կարող են փոխազդել միմյանց հետ: Հաշվարկները սկսվում, գործարկվում և ավարտվում են համընկնող ժամանակային ընդմիջումներով. դրանք կարող են լինել նաև բացարձակապես միաժամանակ (զուգահեռություն), բայց ոչ պարտադիր կերպով: Կոնկուրենտությունը բարդ թեմա է, որը դժվարություններ է ստեղծում սկսնակ ծրագրավորողների համար: Այնուամենայնիվ, գորուտինների օգտագործման տեխնիկան մեծապես պարզեցնում է այն՝ թույլ տալով ստեղծել իսկապես բազմահոսք ծրագրեր:

StackOverflow-ում ծրագրավորողների շրջանում իրականացված հարցումներով այս լեզուն զբաղեցրել է 12-րդ տեղը ամենահայտնի տեխնոլոգիաների վարկանիշում: Նոր լեզվի համար, որի ունի ընդամենը տասնամյակին հասնող պատմություն, սա, անշուշտ, առաջընթացի և ապագայի հեռանկարների լավ նշան է: Աշխատաշուկայում ամենաշատ վարձատրվող տեխնոլոգիաների վերը նշված վարկանիշի համաձայն, Go-ն զբաղեցնում է երրորդ տեղը: Եթե ​​նպատակ ունեք ուսումնասիրել լեզու՝ հետագայում նրա շուրջ կարիերա կառուցելու տեսլականով, ապա այս չափանիշն անպայման կարևոր կլինի ձեզ համար: Բացի այդ, այս լեզուն հարուստ է լավ դոկումենտացիայով, որտեղ դուէ կգտնեք բավականին հստակ և չափազանց օգտակար տեղեկատվություն:

Մի քանի անգլիալեզու հղում՝ GO ուսումնասիրելու համար՝ ստորև.

C/C++

Լինելով ցածր մակարդակի լեզուներ՝ C-ն և C ++-ը ամենահեշտներից չեն, հատկապես սկսնակ ծրագրավորողների համար: Եվ իրավացիորեն հարց կառաջանա, թէ այդ դեպքում ինչու ենք դրանք ևս ներառում սույն հոդվածում:

Բանն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ С/С++-ը բավականին երկարատև և համառ աշխատանք և ձգտում է պահանջում, սրանցից յուրաքանչյուրի յուրացումը ձեզ կտա նրանց հիմքի վրա ստեղծված/աշխատող լեզուների աշխատանքի սկզբունքների մասին խորը գիտելիքներ: Սա ամուր հիմք կհանդիսանա՝ հետագայում ծրագրավորման ոլորտում իսկական գիտակ և պրոֆեսիոնալ դառնալու համար:

C և C++ ներառված են բազմաթիվ համալսարանների կրթական ծրագրերում՝ որպես ծանոթական լեզու: Նրանց արժեքավորության ապացույցներից է նաև այն հանգամանքը, որ նրանք թույլ են տալիս ուսանողին դուրս գալ սինտաքսի և թեորեմների սահմաններից ու հասկանալ ներքին պրոցեսները: Ներկայումս այս լեզուներն օգտագործվում են ծրագրավորման գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բեքենդ, խաղերի մշակում, օպերացիոն համակարգեր և բրաուզերներ:

Միևնույն ժամանակ, որպես ամենահին և ամենահայտնի լեզուներից մեկը՝ C- ն և իր օբյեկտիվ կողմնորոշված ​​եղբայրը՝ C++-ը, ունեն հսկայական համայնք, որը պատրաստ է օգնել ձեզ ձեր ճանապարհին և տրամադրել բազմաթիվ կրթական նյութեր:

Այնպես որ, եթե ցանկանում եք միանգամից բարձր նշաձող սահմանել, ապա և՛ C-ն, և՛ C++-ը հիանալի ընտրություն կարող են հանդիսանալ:

Սկզբնաղբյուր՝ Choosing Your First Programming Language? Pick From These 5